ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. «Միկա» մարզադալիճում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի աշխարհի առաջնությունում ընթանում են կիսաեզրափակիչ հանդիպումները բոլոր քաշային կարգերում։
Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս եկած մեր 5 բռնցքամարտիկներից 4-ը հաղթանակի հասան իրենց մրցակիցների նկատմամբ, ու եզրափակիչում հանդես գալու իրավունք վաստակեցին։
Արդեն հայտնել էինք, որ Հեղինե Գալստյանը հաղթել է Թայփեյի ներկայացուցչին. Հեղինեն երրորդ ռաունդում հաղթանակի հասավ տեխնիկական նոկաուտով։
Իրենց քաշային կարգերում հաղթանակի հասնելով՝ ոսկե մեդալի համար կմենամարտեն նաև Առնո Դարչինյանը, Արեն Խառատյանը, Արգիշտի Հակոբյանը։ Գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը պարտվեց ու վաստակեց բրոնզե մեդալ։
Կիսաեզրափակիչ մենամարտերի երեկոյան մրցահերթում Հայաստանի ևս հինգ բռնցքամարտիկ մենամարտելու է եզրափակիչ դուրս գալու համար։
Հիշեցնենք, որ պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված էր 16 բռնցքամարտիկներով, որոնցից 10-ը ապահովել են մեդալը։ Դեկտեմբերի 3-ին եզրափակիչում մենք ունենալու ենք մեկ մասնակից՝ Հեղինե Գալստյանը։ Իսկ տղաների եզրափակիչ մենամարտերը կայանալու են դեկտեմբերի 4-ին։