ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
«Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ: Դատապարտյալները ներկայացրել են հացադուլի պատճառ հանդիսացող հանգամանքները։ Բացի այդ, քննարկվել են նրանց առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Գրասենյակից տեղեկացնում են, որ չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն, և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկի 7 դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել` ի աջակցություն մեկ այլ ցմահ դատապարտյալի։