ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը մերժել է ավագանու` իրեն անվստահություն հայտնելու դիմումը։ Այս մասին Թամազյանը հայտնեց Sputnik Արմենիային։
Հայտնել ենք, որ երեկ` նոյեմբերի 30–ին, Ալավերդու ավագանու 14 անդամի ստորագրությամբ դիմում էր հանձնվել Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարին։
Արկադի Թամազյանը Sputnik Արմենիային ասաց, որ իրեն անվստահություն հայտնելու օրակարգով նիստ չեն գումարի, քանի որ օրենքն արգելում է մեկ տարվա ընթացքում 1–ից ավելի նմանատիպ դիմում հանձնելը։
Թամազյանը նշեց, որ իրեն անվստահություն հանձնելու մեկ անհաջող փորձ արդեն եղել է, և սա 2–րդն է վերջին մի քանի ամսվա ընթացքում։
Նշենք, որ Արկադի Թամազյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։
Հիշեցնենք` 2022–ի սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13–ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» չէր հաղթահարել անցողիկ շեմը։ Սակայն ՀԱԿ–ը 1 մանդատ ստացավ, որովհետև, օրենքի համաձայն, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։
Հոկտեմբերի 12–ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանն Ալավերդու համայնքապետ ընտրվեց։
Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նրա մրցակիցը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էր։