Ինչպես ամուսնացնել Ռոքֆելլերի դստերը և ռուս մուժիկին․Քիսինջերի մաքոքային դիվանագիտությունը

Ամերիկայի ամենահայտնի պետական եւ քաղաքական գործչի մասին կենսագրական գիրքը դրա հեղինակ Նայլ Ֆերգյուսոնը ժամանակին վերնագրել էր այսպես. «Հենրի Քիսինջեր. իդեալիստը», ինչը շատերի զարմանքն էր առաջացրել:
Sputnik
Ինչպե՞ս կարելի է իդեալիստ անվանել այն մարդուն, որն այսպես կոչված Realpolitik-ի՝ իրատեսական քաղաքականության ամենահետեւողական ջատագովներից մեկն էր, եւ որի համար, մանավանդ արտաքին քաղաքականության բնագավառում, երկրորդական նշանակություն ունեին բարոյական, գաղափարական, էթիկական սկզբունքներն ու կանոնները։ Ահա նրա հայտնի արտահայտություններից մեկը. «Շարքային քաղաքացիները կարծում են, թե պետությունների միջեւ հարաբերություններում կարելի է ղեկավարվել բարոյականությամբ, ինչպես մարդկային հարաբերություններում։ Դա այդպես չէ. երբեմն ղեկավաները պետք է ընտրեն չարյաց փոքրագույնը՝ ի հաշիվ բարոյական սկզբունքների»։
Իրականում այստեղ հակասություն չկա։ Դուք կարող եք լինել իդեալիստ եւ վեհ նպատակ փայփայել, բայց քաջ գիտակցել, որ այդ երազանքի իրականացման ճանապարհին բազում դժվարություններ կան, որոնք հաղթահարելի չեն՝ եթե չեք շեղվում որոշ ընդունված համամարդկային սկզբունքներից։ Այսինքն, շեշտում է «Ֆորբսի» մեկնաբանը, իրատես լինելու համար դուք պետք է իդեալիստ լինեք։ Եւ հակառակը։ Սա մեր դարի երեւի թե գլխավոր դասն էր, որը քաղեց 100 տարեկանում կյանքից հեռացած Հենրի Քիսինջերը։
Ի դեպ, Քիսինջերին բավական երկար ժամանակ պետական ծառայության չէին հրավիրում հենց այն պատճառով, որ մտածում էին՝ դե, մարդը գիտաշխատող է, իրական քաղաքականության նրբությունների մասին միայն գրքերից գիտի, ի՞նչ կարելի է նրանից ակնկալել։ ԱՄՆ-ի նախագահ Դուայթ Էյզենհաուերը, որին առաջարկել էին աշխատանքի վերցնել Քիսինջերին, անկեղծորեն զարմացել էր. «Ախր, նա պրոֆեսոր է, ինչպե՞ս կարելի է պրոֆեսորին բերել նախագահի վարչակազմ, որտեղ ոչ թե փիլիսոփայում են, այլ շատ կոնկրետ որոշումներ են կայացնում»։
Բայց Սպիտակ տանը հայտնվելուց հետո Քիսինջերը արդեն Ռիչարդ Նիքսոնի օրոք շատ կարճ ժամանակում դարձավ ոչ միայն պետքարտուղար, այլեւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ Այդ երկու կարեւորագույն պաշտոնները ո′չ իրենից առաջ, ո′չ էլ հետո որեւէ մեկը չի համատեղել։ Որոշ քաղաքագետներ համոզված են՝ Հենրի Քիսինջերը անպայման երկրի նախագահ էլ կդառնար, եթե չլիներ սահմանադրական արգելքը. նախագահը պետք է անպայման ծնված լինի Ամերիկայում։ Իսկ Քիսինջերը Գերմանիայում էր ծնվել, հրեական ընտանիքում, որը Միացյալ Նահանգներ էր տեղափոխվել Ադոլֆ Հիտլերի՝ իշխանության գալուց հետո։
Մի առիթով Հենրի Քիսինջերն ասել էր. «Առաջին հերթին ես ամերիկացի եմ, երկրորդ հերթին՝ ԱՄՆ-ի պետքարտուղար, եւ միայն դրանից հետո՝ հրեա»։ Իհարկե, այս հայտարարությունը բոլորին չէ, որ դուր էր եկել։ Մի անգամ Իսրայելում կայացած հանդիպումից հետո Հենրի Քիսինջերը եւ վարչապետ Գոլդա Մեիրը համբուրվել էին, եւ այդ կինը առիթը բաց չէր թողել խայթելու Ամերիկայի արտգործնախարարին՝ ասելով. «Իսկ ինձ միշտ թվում էր, թե դուք միայն Յասեր Արաֆաթի հետ եք համբուրվում»։ Ասում են, որ Քիսինջերը տանել չէր կարողանում Իսրայելի վարչապետին ու հենց այդպես էլ անվանում էր՝ «անտանելի կին»։
Ի դեպ, կանանց մասին։ Հենրի Քիսինջերին անվանում էին մաքոքային դիվանագիտության հայր։ Ինքն այսպես է բացատրել մաքոքային դիվանագիտության էությունը.
«Դրա շնորհիվ ես կարող եմ Ռոքֆելլերի աղջկան ամուսնացնել ռուս գյուղացու տղայի հետ։ Գնում եմ ռուսական մի խուլ գյուղ, գտնում եմ մի երիտասարդի ու հարցնում՝ ուզո՞մ ես ամուսնանալ ամերիկացի մի աղջկա հետ։ Ասում է՝ ինչի՞ս է պետք, մենք էլ լիքը սիրուն աղջկերք ունենք։ Ասում եմ՝ բայց նրա հայրը միլիարդատեր է։ Նա էլ պատասխանում է՝ այ, դա բոլորովին ուրիշ բան է։ Հետո գնում եմ Շվեյցարիա եւ հայտնի բանկերից մեկի վարչության անդամներին ասում՝ ուզո՞ւմ եք, որ ձեր բանկի նախագահը սիբիրյան մուժիկ լինի։ Ծիծաղում են։ Բայց ես շարունակում եմ՝ իսկ եթե նա Ռոքֆելլերի փեսան լինի՞։ Ասում են՝ այ, դա բոլորովին ուրիշ բան է։ Դրանից հետո գնում եմ Ռոքֆելլերի տուն ու հարցնում միլիարդատիրոջը՝ ուզո՞մ ես, որ փեսադ ռուս մուժիկ լինի։ Ասում է՝ հո չե՞ս գժվել, մեր ընտանիքում բոլորը ֆինանսիստներ են։ Հակադարձում եմ՝ իսկ եթե նա շվեյցարական բանկի ղեկավա՞ր լինի։ Ասում է. «Այ, դա բոլորովին այլ բան է։ Սյուզի′, եկ այստեղ։ Պարոն Քիսինջերը քեզ համար փեսացու է ճարել՝ շվեյցարական բանկի նախագահն է»։ Սյուզին համառում է՝ թքած ունեմ ես այդ ֆինանսիստների վրա, դրանք բոլորը լղար միասեռականներ են։ Ասում եմ՝ բայց նա մի աժդահա սիբիրյան մուժիկ է։ Սյուզին հալվում է՝ այ, դա բոլորովին ուրիշ բան է»։
Հիմա, իհարկե, կարող եք վրդովվել՝ եւ Քիսինջերի պես մանիպուլյատորները տասնամյակներ շարունակ որոշել են ողջ աշխարհի ճակատագիրը։ Ես էլ կառարկեմ՝ բայց ախր, մարդը բարի գործ է արել՝ Ռոքֆելլերի աղջկան ամուսնացրել է ռուս մուժիկի հետ։ Եւ ամենակարեւորը՝ բոլորը գոհ են։