Լուրեր

Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք․
Sputnik
▪️ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ «Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստան-Միացյալ նահանգներ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը»,-հայտնում է անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
▪️ «Միասին» հասարակական-քաղաքական շարժումն իրազեկման ակցիա է իրականացրել Ազգային ժողովի մոտ։ Օրը պատահական չի ընտրվել․ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը վերամիավորման մասին համատեղ որոշում են ընդունել։ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարել է, որ իրենց շարժումը գործընթաց է սկսում, որով պետք է անվստահություն հայտնեն գործող իշխանությանը։
▪️ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է բացակայելու արգելքով։ Հակոբյանը մեղադրվում է խոշոր չափի փողերի լվացման ու հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:
▪️ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվել է և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով և համակցված գրավ՝ երկու միլիոն դրամի չափով, Sputnik Արմենիան տեղեկացել է Ախոյանի փաստաբան Գոռ Վարդանյանից։ Արագած Ախոյանի նկատմամբ նոյեմբերի 3-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել ամռանը արած գրառման համար։
▪️ Ալավերդի համայնքի ղեկավար՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ երեկ օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը:
▪️ SpaceX-ի Falcon 9 հրթիռով այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, հաղորդում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։ Արբանյակի թռիչքը տիեզերք կհեռարձակվի ուղիղ եթերով ժամը 21-ին։
▪️ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմը 6 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Մարդասիրական օգնությունը հավաքվել է հայկական սփյուռքի խնդրանքով՝ «Планета», «Возрождение и Надежда» հիմնադրամների և Համառուսաստանյան ժողովրդական ճակատի աջակցությամբ:
▪️ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովոյում այսօր խորհրդակցություն կանցկացնի ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
▪️ «Պետությունները Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների ցանկում են հայտնվում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, բայց Ռուսաստանի տեսանկյունից ոչ բարեկամական երկրներ չկան»,- Սկոպյեյում անցկացվող ԵԱՀԿ-ի նախարարական 30-րդ համաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ Լավրովի՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ու եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ժամանակից շուտ մեկնումը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքից, ցույց է տալիս երկխոսության հանդեպ նրանց վախը:
▪️ Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարն ու կրակ բացել իսրայելական տարածքի ուղղությամբ: Գազայի հատվածում մարդասիրական քառօրյա հրադադարը սկսվել էր նոյեմբերի 24-ին, ապա երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 30-ը։