2024 թվականին Ռուսաստանում կանցկացվեն «Օվկիանոս» ռազմավարական զորավարժություններ․ Շոյգու

Սերգեյ Շոյգու
Հատուկ ռազմական գործողության գոտում մարտական պատրաստության համար յոթ ժամանակակից հրաձգարաններ են պատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – -Sputnik. ՌԴ Զինված ուժերի բոլոր տեսակների ներգրավմամբ «Օվկիանոս» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը տեղի կունենա 2024 թվականին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Մարտական պատրաստության շրջանակում տարվա ընթացքում նախատեսվում է մի շարք զորավարժություններ անցկացնել։ Դրանցից մոտ 20-ը՝ օտարերկրյա պետությունների ստորաբաժանումների մասնակցությամբ, այդ թվում՝ չորսը՝ ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակում։ Ամփոփիչ կդառնա «Օվկիանոս-2024» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը՝ զինված ուժերի բոլոր տեսակների ներգրավմամբ»,-ասել է նա ՌԴ ԶՈւ ղեկավար կազմի հետ թեմատիկ սելեկտորային խորհրդակցության ժամանակ։
Նախարարը նշել է, որ մարտական պատրաստության ծրագրերի իրականացումը «կապահովի ազգային շահերի պաշտպանության խնդիրների կատարումը և ռազմաքաղաքական իրադրության փոփոխություններին ժամանակին արձագանքումը»:
Շոյգուի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության գոտում մարտական պատրաստության համար յոթ ժամանակակից հրաձգարաններ են պատրաստվում, որոնցից երկուսում աշխատանքներն ավարտվել են ամբողջ ծավալով: