ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Վիրտուալ տարածքում սկսված վիճաբանությունը տեղափոխվել է իրական կյանք և ավարտվել դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է նոյեմբերի 28-ին «Երևան» բժշկական կենտրոնից։ ԲԿ–ից հայտնել էին, որ իրենց մոտ ազդրի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ:
«Իրավապահները պարզել են, որ նույն օրը` ժամը 15։30-ին, ոմն Մհեր եղբոր և ընկերների հետ գնացել է 19-ամյա երիտասարդի աշխատավայրի՝ Կոմիտասի պողոտայի սուպերմարկետի ավտոկայանատեղի և երիտասարդին կանչել պարզաբանման: Պարզվել է` 19-ամյա երիտասարդի հետ վիճաբանությունը նախապատմություն է ունեցել վիրտուալ տարածքում, այնուհետև 14-17 տարեկան 6 պատանի գնացել է նրա աշխատավայրի ավտոկայանատեղի: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի»,– ասված է հաղորդագրությունում։
Հենց այդ ընթացքում էլ 15-ամյա պատանին կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 19-ամյա երիտասարդի ազդրին։
Նույն օրը, ուշ երեկոյան, պատանիները հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել ոստիկանություն։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: