Պեսկովն անդրադարձել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրված համագործակցության ծրագրին

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանը կարող է զարգացնել հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ նպատակահարմար է գտնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանն ինքնիշխան երկիր է, զարգացնում է հարաբերությունները նրանց հետ, ում հետ հարմար է համարում։ Մեկնաբանելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրված պաշտպանության ոլորտում 2023-2024թթ.համագործակցության ծրագրի մասին լուրը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է գտնում։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք։ Եվ, անշուշտ, Հայաստանը բարեկամ երկիր է, այն մեր դաշնակիցն է։ Մենք շարունակելու ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները»,- ավելացրել է Պեսկովը։
Նոյեմբերի 29-ին Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը։ Կողմերը պայմանավորվել են 7-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։
Նշենք, որ հայ-բրիտանական ռազմաքաղաքական խորհրդակցությունները մեկնարկել են դեռ 2015 թվականին։ 2023 թվականին երկու երկրների միջև հայտարարվեց ՀՀ–ՄԹ գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու կողմերի պատրաստակամության մասին։
Այս տարվա նոյեմբերի 13-ին Լոնդոնում պաշտոնապես բացվեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենքը, որի ձեռքբերման համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգ (ավելի քան 8 մլրդ դրամ)։