ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութի բոլոր հանգամանքները պետք է պատշաճ քննվեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ անհայտ անձը կոպիտ և վիրավորական խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը:
«ՀՀ ՄԻՊ հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: Անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա»,– նշեցին ՄԻՊ աշխատակազմից։
Պարզաբանումներ ստանալու նպատակով պաշտպանի աշխատակազմը տեսանյութը համապատասպան գրությամբ ուղարկելու է պետական իրավասու մարմին: