Մերձավոր Արևելքում հայերի թիվը կրճատվում է. ի՞նչ պատկեր է այսօր

Հայերը Քեսաբում. Արխիվային լուսանկար
Դեսպան Արշակ Փոլադյանի պնդմամբ` Մերձավոր Արևելքում հայ համայնքների համար գլխավորը անվտանգության հարցն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռազմաքաղաքական փոփոխությունները հայկական համայնքների վրա բացասական ազդեցություն են ունեցել, մասնավորապես՝ ժողովրդագրական առումով։ Այս մասին «Մերձավոր Արևելքի երկրների հայկական համայնքները. ժամանակակից միտումներ և փոխակերպումներ» թեմայով գիտաժողովի ժամանակ ասաց Թունիսում և Մարոկկոյում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը։
«Հայերի թվաքանակը Մերձավոր Արևելքում մշտապես կրճատվում է։ Անցյալ դարում Լիբանանի հայկական համայնքի թվաքանակը 250 հազար էր, իսկ այսօր այդ թիվը նվազել է, նույն միտումն է նկատվում նաև Իրաքում և Եգիպտոսում։ Սիրիայում վերջին զարգացումներից հետո էլ (պատերազմ, երկրաշարժ-խմբ.) մոտ 10 տարվա ընթացքում հայ համայնքի թվաքանակը 120 հազար մարդուց հասել է 30-40 հազարի»,– ասաց դիվանագետը։
Փոլադյանի պնդմամբ` Մերձավոր Արևելքում հայ համայնքների համար գլխավոր խնդիրներից է նաև անվտանգության հարցը, իսկ ՀՀ կառավարությունը պետք է ձգտի պահպանել գոնե այն, ինչ մնացել է։
Դեսպանը շեշտեց, որ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար մշտապես կարևոր նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ, քանի որ հայ ժողովրդի էական մասն ապրել է այդ տարածաշրջանում։