ՀՀ-ն պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը և կախված չլինի մեկ կենտրոնից․ Խաչատուրյան

Խաչատուրյանը Դուբայում հայ համայնքին ասել է, որ անվտանգության առումով Հայաստանը խնդիրներ ունի, քանի որ անվտանգային այն համակարգը, որում երկիրը երկար տարիներ եղել է, չի աշխատել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը և կախված չլինի մեկ կենտրոնից։ Այս մասին Դուբայում Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, գրում է «Արմենպրեսը»։
Վահագն Խաչատուրյանը հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին։
«Անվտանգության առումով Հայաստանը խնդիրներ ունի, քանի որ անվտանգային այն համակարգը, որում երկիրը երկար տարիներ եղել է, չի աշխատել, ինչի հետևանքով էլ երկիրը լուրջ խնդիրների է բախվում»,-ասել է նախագահը։
Նախագահը կարևորել է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը՝ նշելով, որ հարևան երկրների հետ խաղաղ ու համերաշխ ապրելուն, բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա։
Նախագահը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ այդ գործընթացում հնարավոր չի լինում առաջընթաց գրանցել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումների պատճառով։ ՀՀ նախագահն ընդգծեց, որ Հայաստանն այս գործընթացում կառուցողական է տրամադրված, իսկ Ադրբեջանը վերջին շրջանում խուսափում է բանակցություններից։
Հայկական բիզնեսն առաջին անգամ բնակելի համալիր կկառուցի Դուբայում
Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում մեկնարկած ժողովրդավարական բարեփոխումները լինեն շարունակական։
Նրա խոսքով՝ Հայաստանն այդ պրիզմայով պետք է ներկայանա աշխարհին, քանի որ ժողովրդավարությունը նպաստում է տարբեր երկրների հետ հարաբերությունները զարգացնելուն։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28)։