ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նամակ է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին՝ կոչ անելով ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածի շրջափակումն ամբողջությամբ վերացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ն:
«Նամակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին առաջարկվել է ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում օկուպացիոն (իսրայելական-խմբ.) ռեժիմի հարձակումներն ընդմիշտ դադարեցնելու, շրջափակումն ամբողջությամբ վերացնելու և օկուպացիային վերջ դնելու համար»,- նշված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳ նախարարը մատնանշել է տասնամյակներ շարունակ պաղեստինցի ժողովրդի՝ իրենց ճակատագիրը որոշելու Իսրայելի կողմից խախտված իրավունքը։ Նա նաև ընդգծել է միջազգային մի շարք կառույցների անգործությունը։ Ըստ նրա՝ Իսրայելի անպատժելիությունը առիթ է տվել վերջին շաբաթներին հանցագործությունները շարունակելու համար:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։