ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Ֆինլանդիայի կառավարությունն այսօր կայացած նիստում խզել է Ռուսաստանի հետ սահմանային համագործակցության մասին պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով կառավարության հրապարակած որոշումը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 20-ին, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ֆինլանդիայի հետ սահմանային համագործակցության աջակցության համաձայնագիրը դադարեցնելու մասին կարգադրություն էր ստորագրել, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 24-ին։
Ֆիննական կառավարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 25-ին ստացել է ՌԴ ԱԳՆ նոտան այդ կապակցությամբ և պաշտպանում է այդ պայմանագրի գործողության դադարեցման մասին սեփական որոշումը:
«Պետական խորհուրդը որոշում է կայացնում Ֆինլանդիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև երկրների միջև սահմանային համագործակցության զարգացման մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Համապատասխան որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 24-ին: