Երևանում թմրանյութերի ևս մեկ լաբորատորիա է բացահայտվել․ ձերբակալվածներից 2-ը կանայք են

Երևանում թմրանյութերի ևս մեկ լաբորատորիա է բացահայտվել
Ձերբակալված կանանցից մեկը Երևանից է, մեկը՝ Վայքից, օտարերկրյա քաղաքացիներից մեկը ՌԴ քաղաքացի է, մեկը՝ Հարավային Կորեայի քաղաքացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Երևանում թմրանյութերի պատրաստման լաբորատորիայի գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել, ևս մեկ պատրաստման օբյեկտ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Երևանի Նորքի Այգիներ փողոցում գտնվող երկհարկանի տանը թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա է հայտնաբերվել։
«Խուզարկությամբ հայտնաբերվել էր 218 հատ կանեփ բույսի նմանվող թուփ, պլաստմասե տարրաներ փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող՝ ընդհանուր 6599,199 գրամ քաշով զանգվածներ, կշեռք, որի վրա առկա են եղել սպիտակ բյուրեղանման զանգվածի և դեղնականաչավուն գույնի բուսական զանգվածի հետքեր, փաթեթներով սպիտակ փոշենման զանգվածներ, ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր, օդը խոնավեցնող և չորացնող սարքավորումներ, պարարտանյութեր, կանեփի թփերի աճեցման համար նախատեսված տարաներ, թփերը ջրելու համար նախատեսված համակարգ և այլն»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Ըստ ստացված տվյալների՝ լաբորատորիայում նաև այլ երկրից ժամանած մասնագետ է աշխատել:
Ձերբակալվել է չորս անձ, որոնցից երկուսը՝ կանայք՝ Երևան և Վայք քաղաքներից, մեկ տղամարդ՝ ՌԴ քաղաքացի և մեկ տղամարդ՝ Հարավային Կորեայի քաղաքացի։
Երևանում թմրանյութերի ևս մեկ լաբորատորիա է բացահայտվել
Նրանք մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Երկու տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խմբի մյուս՝ կին անդամների նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննության ընթացքում նաև բացահայտվել է թմրամիջոցների պատրաստման ևս մեկ օբյեկտ։ Մասնավորապես, խուզարկություն է կատարվել նաև Երևան քաղաքի Հերացու փողոցի շենքերից մեկի բնակարանում։ Այստեղ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածներով, տարբեր գույների պոլիէթիլենային և «Զիպ» ընդհանուր շուրջ 80 փաթեթ, դեղնականաչավուն զանգվածի հետքերով 4 պլաստմասե տարա, 2 պարկ՝ լցված սերմերի կտերով, 3 հատ մոխրացված հետքերով ծխամորճ, կշեռք և ապակե սրվակ՝ դեղնականաչավուն զանգվածի հետքերով, 2 հատ մետաղական աղաց, մեկանգամյա օգտագործման ձեռնոցների տուփ, համակարգիչներ, բջջային մի քանի հեռախոսներ, բանկային քարտեր և այլ իրեր ու առարկաներ։
Նախաքննությունը շարունակվում է։