ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ալավերդու ավագանին անվստահություն է հայտնել համայնքի ղեկավարր Արկադի Թամազյանին։ Այս մասին Թամազյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը
© Photo : Social media of Arkadi Tamazyan
Համայնքապետը սա օրենքի խախտում է համարում, միաժամանակ նշում է, որ մեկ տարվա ընթացքում տարաբնույթ հերյուրանքներից ու շահարկումներից հետո սա սպասելի էր։
«Սակայն այստեղ իրապես ցավալի է մեկ հանգամանք. բնակչության վստահության շնորհիվ ավագանու անդամի կարգավիճակ ստացած, սակայն անձնական շահի և ցանկությունների կատարման համար օգտագործված առնետի ընտրած ճանապարհը։ Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում»,-ընդգծել է Թամազյանը։
Նա հավելել է, որ շարունակելու է ծառայությունը ի շահ Ալավերդի համայնքի և ի շահ բնակչի։
Նշենք, որ Արկադի Թամազյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։
Հիշեցնենք` 2022–ի սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13–ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» չէր հաղթահարել անցողիկ շեմը։ Սակայն ՀԱԿ–ը 1 մանդատ ստացավ, որովհետև, օրենքի համաձայն, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։
Հոկտեմբերի 12–ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանն Ալավերդու համայնքապետ ընտրվեց։
Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նրա մրցակիցը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էր։