Արցախի նախագահը Բաքվի հետ բանակցություններ չի վարում․ Սամվել Շահրամանյանի խորհրդական

Սամվել Շահրամանյան
Արցախի նախագահի խորհրդականը վստահեցրել է` եթե Սամվել Շահրամանյանը որևէ բանակցություններ վարեր, այդ մասին հայտարարություն կտարածվեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Բաքվի ներկայացուցիչների հետ որևէ բանակցություն չի վարում: News.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարություններին:
Բաբայանն Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Սամվել Շահրամանյանը կապի մեջ է Ադրբեջանի հետ, ամեն օր զանգում է Բաքու։
«Որպես այդպիսին բանակցություններ տեղի չեն ունեցել: Մեզ էլ է հետաքրքիր, թե Սամվել Բաբայանին այդ տեղեկությունները որտեղից, մենք ինքներս էլ կցանկանայինք լսել ավելի պարզ մեկնաբանություն: Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր: Այս պարագայում պարոն Շահրամանյանը իր հայրենակիցներից որևէ բան թաքցնելու, պահելու բան չունի»,- նշել է Գրիգորյանը։
Նա մանրամասնել է՝ Սամվել Բաբայանը խոսել է Արցախ վերադառնալու թեմայի մասին, իսկ սա ենթադրում է բանակցություններ անցկացնել, ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվել կամ փորձել պայմանավորվել:
«Մեր ընկալմամբ դա է նշանակում բանակցություններ, իսկ այդ դեպքում որևէ բան թաքցնելու, չասելու խնդիր չկա: Եթե լինեին բանակցություններ, Սամվել Շահրամանյանը ներկայացրած կլիներ»,- ընդգծել է նա:
Վլադիմիր Գրիգորյանը նաև նշել է, որ Բաքվում գտնվող հայ գերիները, այդ թվում` նախկին նախագահները, պարբերաբար կապի մեջ են ոչ միայն իրենց ընտանիքների, այլև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։