ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր։ Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բոռելը հանգամանալից անդրադարձել են այդ ուղղությամբ առկա հեռանկարներին և գործադրվող ջանքերին՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման։
Անդրադարձ է կատարվել ԵՄ և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում և Բրյուսելում վերջին շրջանում կայացած արդյունավետ քննարկումներին՝ արձանագրելով ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում կողմերի ունեցած պատրաստակամությունը, իրականացվող քայլերը։
Ի շարունակություն հոկտեմբերին Գրանադայում ունեցած հանդիպման՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր։
Անդրադարձ է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Դևվիդ Քեմերոնի հետ և քննարկել հայ-բրիտանական ռազմավարական երկխոսությունը։
Միրզոյանը Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում էր ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ և քննարկվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Բացի այդ Միրզոյանը տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր էր քննարկել նաև Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ։
Հիշեցնենք` Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Նախարարն այնտեղ կլինի մինչև դեկտեմբերի 1-ը։