ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու առկա հումանիտար խնդիրներին՝ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները՝ հայտնի սկզբունքներին համապատասխան, և վերջիններիս Ադրբեջանի հստակ հանձնառության պարագայում հնարավոր կլինի նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց»,-հայտնում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի, որոնց համատեքստում նախարար Միրզոյանը վկայակոչել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։
Հիշեցնենք՝ Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում Արարատ մրիզոյանը մասնակցում է ԵԱՀԿ նախարարների 30-րդ խորհրդի նիստին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: