ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ամերիկացի տնտեսագետ և հրապարակախոս, պրոֆեսոր Նասիմ Թալեբը ցնցված է Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններից և ափսոսում է, որ Արարատը Թուրքիայում է: Այս մասին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Թալեբը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Այսօր շատ տխուր է իրավիճակը, քանի որ գիտեմ՝ ծովից ծով Հայաստան կար, Տիգրան Մեծի ժամանակ այն մինչև Միջերկրական ծով էր հասնում»- ասաց Թալեբը:
Նա նշեց, որ Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում բախվել է տարածքային կրճատումների։ Վերջին շրջանում նույնպես: Վերջին իրադարձությունները ցնցող են, և այս հարցում որոշակի լուծում կարող է լինել շատ ուժեղ հայկական սփյուռքի ներուժի օգտագործումը։
«Ցավալի է, որ Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում։ Հայկական մշակույթը լայն տարածում ունի, հասնում է Երուսաղեմ, հիմա տեսնում ենք, որ Երուսաղեմում նույնպես տարածքային կրճատումներ են լինում»,- ասաց Թալեբը։
Նա միաժամանակ պարզաբանեց, որ այս ամենը որպես մասնագետ չի ասում, քանի որ իր մասնագիտացումը ռիսկերն ու անորոշությունն են։
Պրոֆեսորը նաև ծանր երևույթ է համարում այն, որ աշխարհն ականատես է եղել էթնիկ զտումների (Արցախում): Լուծումը նա տեսնում է այս մասին աշխարհով մեկ անընդհատ ձայն բարձրացնելու մեջ։
Ինչ վերաբերում է գիտության և բիզնեսի սինթեզին, ապա Թալեբը կարծում է, որ դա հնարավոր և առաջադեմ ուղղություն է:
Նա բացատրեց, որ երբեմն գիտությունը դիտվում է որպես իրականությունից կտրված, վերացական երևույթ: Այնուամենայնիվ, դա այդպես չէ, քանի որ մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում և պետք է կենտրոնանանք գործնական կիրառություն ունեցող գիտելիքների վրա:
Թալեբն այս հարցում կարևորում է նաև հասարակության լայն շերտերին կրթությամբ ապահովելը, որակյալ դպրոցներ ու քոլեջներ ունենալը։