ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել ՀՀ հարևանի թիրախը։ Այս մասին ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարը նշել է, որ շարունակական ատելությունը, ռազմական հռետորաբանությունը՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, ԱՄՆ և ԵՄ կողմից կազմակերպված հանդիպումներին մասնակցելու մերժումը ի ցույց են դնում, որ Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ:
«Չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին, Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը և կարծում է, որ դա դեռ հնարավոր է։ Այդ հնարավորությունն իրականություն դարձնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձաբար Ադրբեջանի անկեղծ ներգրավվածությունը և միջազգային դերակատարների ամուր աջակցությունը մեր ջանքերին։ Դրանք հիմնված են լավ մշակված և հայտնի սկզբունքների վրա, որը ընդունվել կամ առնվազն չեն մերժվել Ադրբեջանի կողմից»,-ընդգծել է նախարարը։
Միրզոյանը թվարկել է այդ սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնված 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագրի վրա, Հայաստանի և Ադբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումը 1974-78թթ․ քարտեզների հիման վրա։
Դրան գումարվում է նաև բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
ՀՀ ԱԳ նախաարը նշել է, որը հայկական կողմը վերահաստատում է իր հանձնառությունը վերոնշյալ սկզբունքներին և ի ցույց է դնելով գործուն քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը` ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Այս համատեքստում նա կարևորել է նաև Հայաստան֊Թուրքիա սահմանի բացումը։
Միրզոյանն իր խոսքում նաև անդրադարձել է Բաքվում գտնվող հայ գերիների և պահվող անձանց, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ից հետո կալանավորվածների ազատ արձակմանը։ Նրա խոսքով` այդ հարցը, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրերի պարզաբանմանն ուղղությամբ համագործակցությունը, Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, կարող են ճանապարհ հարթել դեպի երկարատև, արդար և արժանապատիվ խաղաղություն։
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Հայաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցություններին և մեզ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դադարի մերժել հանդիպելու և խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու՝ միջնորդների առաջարկները»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ին անհրաժեշտ են բոլոր շահագրգիռ կողմերի և ընդհանուր առմամբ միջազգային հանրության իրական ջանքերը՝ Հարավային Կովկասում բռնության էջը շրջելու և միջազգային օրենքների վրա հիմնված կարգ ամրապնդելու համար։
Հիշեցնենք` Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Այսօր Սկոպյեում նա հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։