Լուրեր

Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
Sputnik
▪️ Հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի և Ղազախի հատվածում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համանախագահներ, երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը նախնական համաձայնեցրել են հետագա հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը: Պայմանավորվել են սկսել համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը: Պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
▪️ Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովի շրջանակներում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ Ռուսաստանի քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ:
▪️ Նախարարական համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ։ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հստակ, հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի ապահովման հարցում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ։
▪️ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև պաշտպանության ոլորտում 2023-24 թթ.համագործակցության ծրագրի ստորագրման փաստը։ «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է գտնում։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք։ Անշուշտ, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է։ Եվ մենք շարունակելու ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Պեսկովը։
▪️ Արցախից բռնի տեղահանված կենսաթոշակառուները կստանան հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների չվճարված թոշակները։ Կառավարության նիստում ընդունված որոշմամբ վերականգնվել է նրանց կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Կենսաթոշակային տարիքը նոր լրացած արցախցիները ևս կարող են դիմել սոցիալական կենտրոններ՝ կենսաթոշակի հաշվարկի համար։ Անհրաժեշտ պայման է Հայաստանում գրանցման հասցե և բանկային հաշվեհամար ունենալը։
▪️ Հունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից կգանձվեն օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ և գույքահարկ: Ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքնաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ կստանան Վրաստան վերադառնալու դեպքում։
▪️ Ռուսաստանի Գերագույն դատարանը ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել դրա գործունեութոյւնը Ռուսաստանում։ Որոշումը ենթակա է անհապաղ կատարման։
▪️ Այսօրվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ։ Մինչև դեկտեմբերի 4-ը Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 10-13°C-ով, Արարատյան դաշտում և Երևանում` 5-6°C-ով։ Այսօր և առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում։