ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանն առաջին անգամ իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում կխաղա Չեմպիոնների լիգայում։ Տեղեկությունը հրապարակվել է ՈւԵՖԱ–ի կայքում։
Նշվում է, որ կիսապաշտպանն առաջին րոպեներից կխաղա ավստրիական «Զալցբուրգի» դեմ:
D խմբում հինգերորդ տուրի հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 24։00-ին Սան Սեբաստիայում:
Զախարյանը նախկինում մասնակցել է Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի երկու հանդիպմանը, բայց երկու հանդիպումներում էլ փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսին: Իսպանիայի առաջնությունում ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում հանդես է եկել երկու անգամ:
Օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից» «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխված Զախարյանը նոր ակումբի կազմում չորս հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում և ոչ մի գոլ չի խփել։
Նա Ռուսաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2021 թվականին և անցկացրել յոթ հանդիպում։