Որդուն բանակից ազատելու համար հայրը 19 հազար դոլար կաշառք է տվել

Արխիվային լուսանկար
Երևանի մի բնակիչ էլ գումարի դիմաց պայմանավորվածություն է ձեռք բերել բժիշկների հետ՝ անհրաժեշտ կեղծ բժշկական փաստաթղթեր կազմելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայրը որդուն զորակոչից ազատելու համար 19 հազար դոլար կաշառք է տվել ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի նախկին պետին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի 49-ամյա բնակիչը Մարտունու զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկ որդուն կաշառքի դիմաց 2018թ․ ամառային զորակոչից ազատելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետի հետ (նախկին)։ Այնուհետև, 2017թ․ նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին տղամարդն անձամբ Մարտունի քաղաքում մաս-մաս նշված բաժանմունքի պետին է տվել ընդհանուր 9.222.600 ՀՀ դրամին համարժեք 19.000 ԱՄՆ դոլար գումար:
Տղամարդը պետի միջոցով ծանոթացել է նաև Երևանի մի բնակչի հետ, ով կարողացել է անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր պատրաստելու հարցի շուրջ պայմանավորվել բժիշկների հետ։ Սրա դիմաց էլ տղամարդը 800 ԱՄՆ դոլարը եղբոր միջոցով փոխանցել է Երևանի հիշյալ բնակչին։
«Սակայն վերջինս, որպես ոլորտն ուսումնասիրած անձ, հասկանալով որ զորակոչիկի ունեցած իրական առողջական խնդիրները նրա՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հիմքեր են ստեղծում, խաբեությամբ ստանալով նշված գումարը, հափշտակել է այն»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա զորակոչիկի հորը մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու, իսկ ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետին՝ կաշառք ստանալու համար։
Հիշյալ երկու անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի վերոնշյալ բնակիչը կաշառք ստանալու միջոցով փորձել է պարտադիր զինվորական ծառայությունից մտացածին հիվանդությամբ ազատել ևս մի քանի անձի։ Երևանի բնակչի վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։
ՃՈ տեսուչը կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներ է տվել շուրջ երեք տասնյակ անձանց