ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ սպանել են քրեական պատմություններով հայտնի մի տղամարդու։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Տեղեկություններ կան, որ սեպտեմբերի 2-ին Վանաձորում կրակոցներ էին արձակել տեղի հայտնի խանութներից մեկի ուղղությամբ, որտեղ հրազենային վնասվածքներ ստացածներից մեկը սպանվածի կինն էր:
Սպանության մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 28-ին` ժամը 23։00-ի սահմաններում։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է ինքնաձիգի գործադրմամբ։
Ոստիկանները շենքի բակից հայտնաբերել են 20-ից ավելի պարկուճ, ինչպես նաև «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի և կողային հատվածներում առկա է եղել կրակոցի 15-ից ավելի հետք:
Ավտոմեքենայի սրահում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել է դի: Իրավապահները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արման Փերիխանյանն է:
Օպերատիվ տեղեկություններ ստանալով` ոստիկաններն ու քննիչները սպանության վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում էլ հայտնաբերել են կասկածյալին։
Վերջինս փախուստի է դիմել, սակայն իրավապահներին հաջողվել է բռնել նրան և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Ինքնաձիգը նույնպես հայտնաբերվել է։
Կայքի տեղեկություններով` կասկածյալը Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Փիլոյանն է:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ: Կասկածյալը ոստիկանության Տարոնի բաժնից ներկայացվել է ՔԿ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 2-ին` ժամը 20։29-ին, ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց-Շիրակացի փողոցների խաչմերուկում տարօրինակ ձայներ են լսվում: Նույն օրը՝ ժամը 20:35-ին, ահազանգ էր ստացվել նաև Վանաձորի բժշկական կենտրոնից այն մասին, որ հրազենային վնասվածքներով Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող առևտրի կրպակի հարակից տարածքից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաձոր քաղաքի 2 բնակչուհի՝ 24 և 33 տարեկան։
Ենթադրյալ հանցագործությունը կատարել է Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչը։ Քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել, որ վերջինս անձնական հարցերի հետ կապված խնդիրներ է ունեցել համաքաղաքացու` 39-ամյա Արման Փերիխանյանի հետ, որի պատճառով որոշել է վրեժխնդիր լինել:
40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել։