ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Իսրայելը երեք օրով կերկարաձգի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարը Գազայի հատվածում պատանդառված բոլոր կանանց և երեխաներին ազատ արձակելու դեպքում: Տեղեկությունը հայտնում է The Times-ը:
Պարբերականը նշում է, որ իսրայելական կողմի տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին մոտ 100 կին և երեխա է առևանգվել։
Գազայի հատվածում մարդասիրական քառօրյա հրադադարը սկսվել է նոյեմբերի 24-ին և դրանից հետո երկարաձգվել է մինչև նոյեմբերի 30-ը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։