ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ քննարկվել է Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման մանրամասները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորում
Նշվում է, որ Վարդապետյանը Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորում:
«Գլխավոր դատախազը զորամիավորման հրամանատար Ալեքսանդր Ցականյանի հետ զրույցում քննարկել է բանակում կարգապահության, զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, բանակում հանցագործությունների կանխարգելման մի շարք հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի, Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանի և Լոռու կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման մանրամասները: