ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ԱյսօրԼոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Լոնդոն մեկնած հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Խորհրդակցություններին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
«Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Լևոն Այվազյանը և ՄԹ ՊՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Մորգանը ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը։
Կողմերը պայմանավորվել են 7-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։
Լևոն Այվազյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը,տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված հայկական կողմի քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Ներկայացվել են նաև ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումները։
Նշենք, որ հայ-բրիտանական ռազմաքաղաքական խորհրդակցությունները մեկնարկել են դեռ 2015 թվականին։
2023 թվականին երկու երկրների միջև հայտարարվեց ՀՀ–ՄԹ գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու կողմերի պատրաստակամության մասին։
Այս տարվա նոյեմբերի 13-ին Լոնդոնում պաշտոնապես բացվեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենքը, որի ձեռքբերման համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգ (ավելի քան 8 մլրդ դրամ)։