ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է արցախցիների խնդիրներով զբաղվող հատուկ վարչություն ստեղծել, սակայն ՀՀ վարչապետը մերժել է։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Առաջարկել եմ հատուկ ծրագրերի վարչություն ստեղծել, որը գործել է 90-ականներին Մոսկովյան փողոցում, և այդ ծառայությունով, ոնց որ դուք եք ձևակերպում, Ղարաբաղի ժողովրդին տեր կանգնել վերաբնակեցնելու հարցերով և բոլոր հարցերով։ Մերժել է»,- ասաց Բաբայանը։
Թե ինչու է իր առաջարկը մերժվել, չգիտի։ Նրա խոսքով` որևէ հիմնավորում չի ներկայացվել։
«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ հանդիպել, առաջարկս գրավոր եմ ուղարկել, Փաշինյանին երկու տարուց ավելի կլինի ո՛չ տեսել եմ, ո՛չ խաբար եմ, ո՛չ գիտեմ»,- ասաց Բաբայանը։
Հիշեցնենք` Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարն այսօր մասնակցել է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։