Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները. Նեթանյահու

Բենիամին Նեթանյահու
Կառավարության ղեկավարը նշել է, որ Իսրայելը չի կարող չվերսկսել պայքարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, երբ ավարտվի պատանդներին վերադարձնելու փուլը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Մեկ շաբաթվա ընթացքում շատ մեծ հաջողությունների ենք հասել՝ տասնյակ առևանգվածներ են վերադարձվել։ Մեկ շաբաթ առաջ դա կարող էր ֆանտաստիկ մի բան թվալ, բայց մենք հասանք դրան: Վերջին օրերին ես լսում եմ մի հարց, թե արդյոք Իսրայելը կվերադառնա մարտական գործողություններին, երբ մեր առևանգվածներին վերադարձնելու այս փուլն ավարտվի։ Ես միանշանակ պատասխանում եմ՝ այո», - ասել է Նեթանյահուն։
Վարչապետն ընդգծել է, որ Իսրայելը չի կարող չվերադառնալ պայքարին, քանի դեռ չի հասել հաղթական ավարտի:
«Սա իմ քաղաքականությունն է, որի հետևում կանգնած է ամբողջ կառավարությունը, կանգնած են զինվորները, ժողովուրդը։ Հենց դա էլ կանենք», - նշել է Նեթանյահուն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։