Ինձ հետ ոչ ոք չի բանակցել․ Սամվել Բաբայան

Սամվել Բաբայան
Թե ինչ է ինքն անում արցախահայության վերադարձի ուղղությամբ, Բաբայանը չցանկացավ ասել լրագրողների հետ զրույցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Սամվել Բաբայանը չգիտի, թե իշխանությունն ու ընդդիմությունն ինչ են անում արցախահայության վերադարձի համար, գիտի, թե ինքն ինչ է անում։ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Իսկ ի՞նչ եք իրականացնում»,- հետաքրքրվեց լրագրողը։
«Չէ, չեմ ասի»,- նշեց Բաբայանը։
Անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը, թե ինքը խոսել է ադրբեջանցիների հետ, նրանք ասել են, որ Սամվել Բաբայանի հետ չեն բանակցում, Բաբայանը կոչ արեց լրագրողներին ամեն մեկին չլսել։
«Քննություն է ընթանում, երեւի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն և՛ դրա հետ՝ եղել է նման բան, թե չի եղել, և՛ մնացած հարցերի»,-ասաց նա:
Լրագրողը ճշտող հարց տվեց. «Ադրբեջանցիները բանակցե՞լ են Ձեզ հետ»։
«Ինձ հետ ոչ ոք չի բանակցել»,- ասաց Բաբայանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի հանձնաժողով էր հրավիրվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նույն օրը հայտնել էր, որ մինչև դեկտեմբերի 3–ը` հանձնաժողովի աշխատանքների ավարտը, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի հրամանատարը, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։