Ինչի՞ համար է մեղավոր Նիկոլ Փաշինյանը ըստ Սամվել Բաբայանի

Սամվել Բաբայան
Արցախի ՊԲ նախկին հրամանատարը հայտնեց, որ Հանրայինի հետ հարցազրույցից հետո ինքը ՔԿ է կանչվել, որտեղ առավել ծավալուն հայտնել է այն, ինչ գիտի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Արցախի կորստի համար անձամբ ՀՀ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն առաջին հերթին ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է, և երկրորդն այն, որ հավատացել է նրանց, ում որ հավատացել է։ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովում հարցերին պատասխանելուց հետո ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Ես եկել եմ որպես քաղաքացի, իմ պարտքը կատարել, ասել այն, ինչ տեղյակ եմ։ Հանձնաժողովը կհասնի իր նպատակին, թե ոչ՝ ես չգիտեմ։ Ես անկեղծորեն ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, և՛ հիմա։ Պատասխանատուն ու մեղավորը մեկը չեն»,- ասաց Բաբայանը։
Լրագրողները նրան հիշեցրին, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին նա հրաժարվեց Արցախի հերոսի կոչումից, թողեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը և հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ կասկածի տակ են դրել Արցախի հայկականության գոյությունը։ Բաբայանը նշեց՝ եթե ինքը մի բան ասում է, չի փոխում իր տեսակետը։ Ըստ նրա՝ ոչ ճիշտ քաղաքական, ռազմական ղեկավար նշանակելը քաղաքական դավաճանություն է։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո անցակետում հսկողությունն առավել ուժեղացվեց, Արցախի նախկին նախագահները, բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեցին, Բաբայանն ասաց՝ քննություն է ընթանում, որը կտա հարցերի պատասխանները։
Արցախը մենք բոլորս հանձնեցինք Ադրբեջանին․ Սամվել Բաբայանն ԱԺ քննիչ հանձնաժողով է եկել
Նա հայտնեց, որ հարցազրույցից հետո ինքը հրավիրվել է Քննչական կոմիտե, որտեղ առավել ծավալուն ներկայացրել է այն, ինչ մասին խոսել է եթերում։
«Հարցաքննվել եմ իր ներկայացրած հաղորդման, զենք-զինամթերքի հանձնման, իմ կողմից Բաքվի հետ բանակցությունների, Սահմանադրության տապալման և այլ հարցերով»,- նշեց Բաբայանը՝ մանրամասնելով, թե ինչ գործի շրջանակներում է ինքը ՔԿ կանչվել։
Հիշեցնենք` նոյեմբերի 24-ին քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նույն օրը հայտնել էր, որ մինչև դեկտեմբերի 3–ը` հանձնաժողովի աշխատանքների ավարտը, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի հրամանատարը, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։