ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար (մաքսատանը կայանման համար,– խմբ.) դրույքաչափերը միջինում 3 անգամ կբարձրանան։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։
Նա շեշտեց, որ նախկինում մեքենաների մեծ հոսք կար, օրինակ, Գյումրու մաքստանը, քանի որ ավելի շատ մեքենա էր ներկրվում, քան մաքսազերծվում, և պահեստը շատ սեփականատերերի համար դարձել է որպես ավտոկայանատեղի։ Մանուկյանը նշեց, որ հոսքը զգալիորեն նվազել է, սակայն խնդիրը դեռևս առկա է։
«Առաջարկում ենք ավտոտրասնպորտային միջոցների համար դրույքաչափերը վերանայել` սահմանելով ավելի բարձր դրույքաչափ, որպեսզի տարածքները որպես ուղղակի կայանման վայր չօգտագործեն։ Սա կնշանակի` եթե մարդատար ավտոմեքենայի համար այսօր գանձվում է 1600 դրամ, ապա հետագայում կգանձվի օրական 5000 դրամ։ Սա չի գործի, եթե ձևակերպում անի ներմուծողը, ընդ որում, առաջին օրվա համար սահմանել ենք, որ պետական տուրք ընդհանրապես չի գանձվի»,– ասաց Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ շնորհիվ առաջարկվող փոփոխությունների տարածքների առումով խնդիրները կպակասեն, մաքսային մարմինների կողմից վարչարարության արդյունավետությունն էլ կբարձրանա։
Մաքսակետում կայանելու սակագներն այժմ ավելի ցածր են, քան մոտակա կայանատեղիներում, այդ պատճառով էլ մարդիկ չեն շտապում դուրս բերել մեքենաները: Մանուկյանը նաև հայտնեց, որ այժմ հնարավորություն ունեն ավելի շատ մեքենաներ մաքսազերծել, քան բերվում է երկիր:
Նշենք, որ օրական մոտ 150-160 մեքենա է բերվում ՀՀ։
Այժմ Գյումրու մաքսատանը, որը նախատեսված է 2300 մեքենայի համար, մոտ 1300 մեքենա կա։