ՀՀ կառավարության և ՄԱԿ–ի համատեղ կոմիտեի նիստում քննարկվել են առկա մարտահրավերները

ՀՀ կառավարության և ՄԱԿ–ի համատեղ կոմիտեի նիստը
Կոմիտեն նաև արձանագրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հումանիտար և զարգացման կարիքները համապարփակ լուծման և նրանց կայուն զարգացման ապահովման կարևորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը և ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակը պաշտոնապես մեկնարկել են Համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս նիստը Հայաստանի համար 2021–2025 թթ. ՄԱԿ–ի «Կայուն զարգացման համագործակցության շրջանակ» փաստաթղթի իրագործման առանցքային հենակետն է:
«Նիստի շրջանակներում Համատեղ ղեկավար կոմիտեն քննարկել է ՄԱԿ–ի կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում ՀՀ առաջընթացը և առաջացած մարտահրավերները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների զանգվածային ներհոսքի հետևանքով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կոմիտեն արձանագրել է փախստականների հումանիտար և զարգացման կարիքները համապարփակ լուծման և նրանց կայուն զարգացման ապահովման կարևորությունը:
Ընդգծել է նաև ՄԱԿ–ի ԿԶՀ–ի իրականացման ուղղությամբ հետագա միջոցառումների նախանշման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական, հումանիտար և անվտանգային իրավիճակը:
Ղեկավար կոմիտեի նիստերը կգումարվեն առնվազն տարին մեկ անգամ: