ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 30-ին հայ–ադրբեջանական սահմանին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։
ՀՀ փոխվարչապետի գրասենյակից Sputnik Արմենիային հաստատեցին, որ հանդիպումը տեղի կունենա Իջևանի և Ղազախի հատվածում։
Նշենք, որ մայիսի կեսերին փոխվարչապետի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ փոխհամաձայնեցման փուլում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ու անցկացման աշխատակարգի նախագիծը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարել էր, որ անկլավների ծագման իրավական հիմքերը դեռ ուսումնասիրության կարիք ունեն։ Նա կարծիք էր հայտնել, որ սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը, և այդտեղ քննարկվեն տարբեր լուծումներ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին, որի նախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: