ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Գավառը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքներն այսօր են ամփոփվել:
Մրցույթի համար հայտ էր ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը, Ալավերդին, Էջմիածինը, Գավառը և Վեդին։
«Փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Գավառը»,– նշված է հաղորդագրության մեջ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է ՏԻՄ–երի համար կազմակերպել դասընթացներ՝ երիտասարդական կյանքը ճիշտ կազմակերպելու, ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու նպատակով:
Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի խոսքով՝ այսօր Գավառում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, և երիտասարդական մայրաքաղաք կոչումը լրացուցիչ պատասխանատվություն է՝ հավուր պատշաճի ներկայանալու նախատեսվող ծրագրերին և համայնքներում աշխուժացնելու երիտասարդական կյանքը:
Նշենք, որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մայրաքաղաք Երևանը չի մասնակցում: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել:
Մրցույթն իրականացվում է 2014 թ. ի վեր։ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդը՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետև՝ Կապանը (2021), 2022-ին՝ Հրազդանը, 2023 թ.՝ Մեծամորը