ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Գազայի հատվածում ապաստարաններում թաքնվողների թիվը հասել է 1,3 միլիոնի: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի` Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գլխավոր հանձնակատար Ֆիլիպե Լազարին հայտնել էր, որ Գազայի հատվածի ավելի քան մեկ միլիոն բնակիչներ թաքնվում են գործակալության ապաստարաններում:
Գեբրեյեսուսը նշել է, որ մարդկանց չափազանց խիտ կուտակումների, ինչպես նաև սննդի, ջրի, հիգիենայի միջոցների և դեղամիջոցների պակասի պատճառով սուր շնչառական վարակների, քոսի, լուծի, ջրծաղիկի, դեղնախտի և այլ հիվանդությունների մեծ թվով դեպքեր են նկատվում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք են բերել հակամարտության սրումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։