Երեխաս պահեց QR–ի վրա ու ահաբեկված ճչաց. 5–րդ դասարանի դասագիրքը «տանում է» Թուրքիա

Արխիվային լուսանկար
5-րդ դասարանի աշակերտուհու համար սթրես է եղել դասագրքի QR սքանով Թուրքիայի դրոշը տեսնելը։ Փորձագետը նշում է կարող էր ավելի վատ լինել` նյութեր փոխակերպվեին, իսկ ԿԳՄՍ–ն խնդրի լուծման համար առայժմ կոդով տանող կայքն է ժամանակավոր փակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. 5-րդ դասարանի Մայրենի առարկայի դասագրքի QR կոդերը, որը նախատեսված է երեխաների լրացուցիչ տեղեկության համար, թուրք հաքերների կողմից ջարդվել է, և շուրջ 24 ժամ Թուրքիայի դրոշն է եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի ահազանգում է 5–րդ դասարանի աշակերտուհու ծնողը` Լիանա Կարապետյանը։
Երեխան ընդհանուր դասը սերտելուց հետո որոշել է հավելյալ տեղեկություններ ստանալ QR կոդի միջոցով, սակայն սքան անելուց հետո ահաբեկվել է։
«Երեխաս ահաբեկված ճչաց, ասելով` մամ, թուրքերը Հայաստանում են, մեր դասագրքում փոփոխություն են արել։ Ինձ ֆանտաստիկայի ժանրում թվաց ասածը, ինքս հեռախոսը պահեցի QR կոդի վրա ու տեսա, որ բերում է թուրքական քարոզչություն»,–պատմեց Լիանան։
Բնականաբար իր համար հասկանալի է եղել` ինչ է իրականում կատարվում։ Սակայն նրա խոսքով, իրենից մեկ ժամ է պահանջվել վախեցած 10 տարեկան երեխային բացատրելու համար, որ դա իրականում հաքերային գրոհ և տեղեկատվական պատերազմի մի ձև է։
«Այս հարցը վայրկյան առաջ լուծման կարիք ունի։ Կրթական կայքերը և այն, ինչ վերաբերում է տեղեկատվությանը, որը ստանում են հատկապես երեխաները, պետք է գերհզոր միջոցներով պաշտպանված լինեն։ Լրացուցիչ միջոցներ են պետք, որ նմանատիպ երևույթների մեր երեխաները ականատես չլինեն։ Դա վստահեցնում եմ՝ կոնկրետ իմ երեխայի համար լուրջ սթրես է եղել»–նշեց ծնողը։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրը կարող էր ավելի լուրջ լինել, եթե, օրինակ, հաքերները նյութերը փոխակերպեին, անպարկեշտ, պոռնոգրաֆիկ նյութեր կամ ինչ-որ վիրուս տեղադրեին։
«Ենթադրում եմ, որ հաքերները տեղյակ չեն եղել` ինչ կայք են կոտրում, ուղղակի վնաս են տվել»,–նշեց Մարտիրոսյանը։
Փորձագետը նկատեց, որ դասագրքերի թվայնացումը պրոբլեմատիկ երևույթ է։ Նրա կարծիքով` երկրորդ դասարանի երեխային չարժե ինտերնետի, թվային աշխարհի հետ կապել, սակայն այսօր երկրորդ դասարանի դասագրքերում ևս կան QR կոդերը։
Դասագրքերում դրանց առկայությունը ևս կարող է խնդիրներ առաջացնել։
«Այդ QR կոդերը լինում են, որ տանում են ինչ–որ կայքեր, օրինակ «Յութուբում» տեսանյութ։ Խնդիրն այն է, որ այդ տեսանյութերը կարող է օրերից մի օր հեռացվել յութուբի կողմից, և դասագրքում փաստացի տպված մեռած հղում է լինելու։ Սա մի խնդիր է, բայց կոնկրետ այս պահին եղած խնդիրն այն է, որ այն կայքը, որի վրա տեղադրված էին հրատարակության կողմից նյութերը, հնարավոր է դարձել կոտրելը թուրքական հաքերների կողմից»,–ասաց նա։
Մարտիրոսյանը նշեց, որ գրքի հրատարակիչը պետք է QR կոդերը տանող կայքերին ավելի լուրջ տեր կանգնի։ Չնայած կան դեպքեր, որ QR–ները տանում են երրորդ կայքեր, որտեղ ոչ մի վերահսկողություն չունի հրատարակչությունը, ու այդտեղ ոչինչ անել հնարավոր չէ։
«Սա լուրջ խնդիր է։ Արդեն տպված դասագրքերի վրա ես չեմ պատկերացնում` ինչ կարելի է անել»,–նշեց փորձագետը։
ԿԳՄՍ նախարարության հանրակրթական վարչությունից Թամարա Սարգսյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ խնդիրը ոչ թե QR–ի, այլ այն կայքի հետ էր, դեպի որտեղ տանում էր կոդը։ Խնդրի լուծման համար նրանք կապ են հաստատել կայքի պատասխանատուների հետ, և այժմ այն ժամանակավորապես փակվել է, մինչև կկարողանան հասանելիությունը վերականգնել։
Սարգսյանը վստահեցրեց՝ պարբերաբար վերահսկվում են, որ ակտիվ հղումները լինեն հավաստի աղբյուրներից, իսկ խնդիրների դեպքում էլ կարողանան բացահայտել և կանխարգելել ոչ պատշաճ տեղատվության մուտքը դպրոց։
Հաքերային հարձակում է եղել ՀՀ պետական կառույցների և օդանավակայանի դեմ. Սամվել Մարտիրոսյան
«Մենք որոշակի պարբերականությամբ նայում ենք QR–ները, եթե խնդիր ենք տեսնում, կարող ենք առնվազն դրանց հասանելիությունը փակելու մակարդակում կանխել»–ընդգծեց նա։
Սարգսյանը նշեց, որ QR կոդերը դասագրքում ներառելիս հաշվի առել են նման ռիսկերը, խնդիրները քննարկվել են մասնագետների հետ։
«Մեզ համար կարևոր ուղղություններից մեկն այն է, որ երեխայի համար սովորելու աղբյուրները բազմազան լինել, առայժմ փորձելու ենք հուսալի հավաստի աղբյուրների և ընթացիկ մոնիթորինգի միջոցով կարգավորել այս ռիսկերը»,–հավելեց ԿԳՄՍ աշխատակիցը։
Այնուամենայնիվ չնայած նման խնդիրներին նախարարությունը չի պատրաստվում դասագրքերից QR կոդերը հեռացնել, քանի որ համարում է ուսումնառության տարբեր հնարավորություններ տալու կարևոր բաղադրիչներից մեկը։