Դադիվանքի նախկին վանահայրը հոգևոր ծառայության կանցնի Եռաբլուրի եկեղեցում

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
Տեր Հովհաննեսը մեծ խանդավառությամբ է ընդունել կաթողիկոսի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հոգևոր ծառայության է նշանակել Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Տեր Հովհաննեսը։
«Դեկտեմբերի 1–ից լինելու եմ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվը։ Եռաբլուրում եմ լինելու միշտ` իմ զոհված ընկերների հարազատների ու ծնողների հետ պետք է խոսեմ, շփվեմ…Օրս կանցկացնեմ նրանց հետ։ Եռաբլուրը սրբավայր է, բոլորը պիտի ընդունեն դա. մեր տղաների մասունքներն են այնտեղ։ Ես խոնարհաբար պիտի ծառայեմ այնտեղ»,– նշեց նա։
Տեր Հովհաննեսի խոսքով` ինքը մեծ խանդավառությամբ է ընդունել կաթողիկոսի որոշումը։
Դադիվանքի նախկին վանահայրը 2023 թ. սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ծանր վիրավորում ստանալուց հետո դեռ բուժման մեջ է, սակայն վստահեցնում է, որ արդեն ի վիճակի է լիարժեք հոգևոր ծառայության անցնելու։
Հիշեցնենք` քահանան վիրավորվել էր սեպտեմբերի 19–ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել էին նրա փայծախը։