Արմեն Գրիգորյանը Վրաստանի ԱԺ նախագահի հետ խոսել է Երևանի և Բաքվի խաղաղության պայմանագրից

Կողմերը նշել են, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության մասին հարցեր է քննարկել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Կողմերը նշել են, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ինտենսիվորեն զարգանում են, ինչի վկայությունն է բարձր մակարդակի այցելությունների հաճախականությունը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը
Գրիգորյանն ու Պապուաշվիլին ուշադրություն են դարձրել նաև «Միջին միջանցքի» աճող նշանակության և տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունների վրա:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։