ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. 2023թ–ի սեպտեմբերի 19-ի դեպքերով Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները։ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Հայաստանի իշխանությունը չէր կարողանում ոչինչ անել, որովհետև չուներ Արցախում բանակ, չուներ պաշտպանություն, Ադրբեջանն էլ կոշտ հարցը դրել էր՝ չես կարող իմ ներքին հարցերին խառնվել։ Հայաստանի իշխանությունը խնդրում էր Արցախի իշխանությանը նստել ուղիղ բանակցությունների, նրանք էլ դա բոյկոտում էին, որովհետև Մոսկվայից ստացել էին կարգադրություն, որ պետք է բոյկոտեն»,- ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ 2020թ–ի նոյեմբերի 9-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը բանակցությունների արդյունքում համաձայնության եկան, նրանք ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում։ Բաբայանը շեշտեց՝ քաղաքական բոլոր այն ուժերը, որոնք համաձայնել են այդ փաստաթղթի հետ, քաղաքական պատասխանատվություն ունեն կատարվածի համար։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինքն ինչի շուրջ է բանակցել Ադրբեջանի հետ, Բաբայանն ասաց՝ բանակցություններ չեն եղել, եղել են քննարկումներ սկզբունքների շուրջ, օրինակ` Արցախն իր բանակն ունենալո՞ւ է, թե՞ ոչ և այլն։ Նա նշեց, որ իր ներկայացուցիչը փաստաթղթերը փոխանցել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմ։
Սամվել Բաբայանը պնդում է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մինչև այսօր կապի մեջ է Ադրբեջանի հետ։
«Ես գիտեմ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մինչև այսօր կապի մեջ է Ադրբեջանի հետ, ամեն օր զանգում է Բաքու և խոսում։ Թե ինչ է բանակցում` իրեն հարցրեք»,- ասաց Բաբայանը։
Անդրադառնալով այն հարցին, թե Արցախի ապագայի համար ինչ քայլեր է պետք անել, ըստ Բաբայանի՝ այս պահին կա դեռ մեկ տարբերակ՝ բանակցություններ արցախահայության վերադարձի համար։
Թե ով պետք է բանակցի այս հարցի շուրջ, Բաբայանն ասաց՝ եթե Արցախն ունի նախագահ, ապա հենց նա։
«Ես Ղարաբաղի իշխանությանն առաջարկել եմ հանդիպել, կետ առ կետ անցնել, թե ոնց ենք պատկերացնում վերադարձը, ինչ կարգավիճակում, ինչ պետք է լինի, հլը որ արձագանք չեմ ստացել»,- ասաց Բաբայանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։