Լուրեր

Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
Sputnik
▪️ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ նախաձեռնված քրեական գործը քննվելու է Սյունիքի մարզի Սիսիանի դատարանում, տեղեկանում ենք «Դատալեքսից»։ Ըստ մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունները կատարել է անբարեխիղճ, ցուցաբերել է անփութություն, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։
▪️ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն այսօր ներկայանալու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, որի ձևավորման փուլում Բաբայանն ընդգրկված էր հանձնաժողովի կազմում որպես խորհրդատու, սակայն, մեկ նիստի մասնակցելուց հետո հրաժարվել էր այդ գործառույթից։
▪️ Ադրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ ուղարկելու նախաձեռնությունը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։ Այս ամսվա ընթացքում սոցցանցերում հայտնվեցին կադրեր, որոնք վկայում էին, որ Ադրբեջանը հանել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի Մայր տաճարի գմբեթների խաչերը։ Բացի այդ, Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը հայտնել է Շուշիում հայկական երկու գերեզմանատների ավերման մասին։
▪️ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ: Այս տարվա ընթացքում «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչությունների կողմից Հայաստանից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։ Նոյեմբերին խախտումների կտրուկ աճ է գրանցվել. միայն նոյեմբերի 24-ին 26-ին գրանցվել է 36 դեպք։
▪️ Ավտոմեքենաների առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից արդեն իսկ ներմուծված, սակայն դեռևս Հայաստանի տարածքում դրանց օտարումը պետական գրանցման չենթարկած տրանսպորտային միջոցների վերաբերյալ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ, այսինքն` մինչև հարկային օրենսգրքում դեկտեմբերի 1-ից նախատեսվող փոփոխությունների ուժի մեջ մտնելը, տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթղթերով վերոգրյալ ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում Կոմիտեն զերծ կմնա խիստ վարչարարություն իրականացնելուց` հաշվի առնելով ավտոմեքենաների պետական գրանցման գործընթացում ներկայում առկա օբյեկտիվ ծանրաբեռնվածությունը:
▪️ Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Անցկացվել են նաև կուսակցության 2024 թվականի բյուջեի նախնական քննարկումներ։
Լուրերի մեկնաբան՝ Հովհաննես Շողիկյան
Sputnik Արմենիա, 106․0FM