Վերին Լարսում ստեղծված իրավիճակը նոր չէ ու քաղաքական ենթատեքստ չունի. Արթուր Հաբեշյան

Ախիվային լուսանկար
Մասնագետի խոսքով՝ ճանապարհը երբ փակվում է, ապա ոչ միայն հայկական, այլև բոլոր երկրների բեռնատարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնատարների երթևեկության հետ կապված խնդիրները կապված են եղանակային պայմանների հետ, արտասովոր ոչինչ չկա: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Կարգո Էքսպրես» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Արթուր Հաբեշյանը։
«Եղել է ժամանակ, երբ երթևեկությունը փակվել է մեկ ամսով եղանակային վատ պայմանների պատճառով, այս տարի առավելագույնը մեկ շաբաթ է եղել։ Եթե համեմատություն անենք վերջին 3 ամսվա կտրվածքով, ամենաերկարը մոտ 5 օր է եղել»,- ասաց Հաբեշյանը։
Վերին Լարսի մոտ շուրջ 1,5 հազար հայկական բեռնատար է սպասում իր հերթին
Հավելեց՝ ուժեղ ձյուն է տեղում, ձնահոսքի վտանգ կա, և ճանապարհը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով։
Նշենք, որ բազմաֆունկցիոնալ ավտոմոբիլային անցակետում կանգնած մոտ 1500 հայկական բեռնատարների մասին լուրից հետո սոցցանցերում սկսել են ակտիվորեն տարածվել տեղեկություններ այն մասին, որ անցումը փակ է իբր քաղաքական նկատառումներով և ռուսական կողմից արհեստականորեն առաջացած խնդիրների պատճառով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն հերքել է իրավիճակի քաղաքական ենթատեքստը: Իր հերթին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հավելել է, որ ճանապարհի փակումը Հայաստանի վրա չի ազդի, եթե բոլոր հայերը գնեն բացառապես հայկական արտադրանք:
«Մեզ մոտ սիրում են քաղաքականացնել ամեն ինչ, այլ տեսանկյունից նայել, բայց հաշվի առնենք մի բան՝ ճանապարհը փակ է ոչ միայն հայկական բեռնատարների համար, այլև անցակետից օգտվող բոլոր երկրների համար։ Սա նորմալ և ամեն տարի կրկնվող երևույթ է»,- շեշտեց Հաբեշյանը։
Նա նաև կարծում է, որ այսօր կարելի է հեշտությամբ ստուգել և համոզվել, որ ճանապարհը փակ է եղանակային պայմանների պատճառով:
Հիշեցնենք, որ Վրաստանից դեպի Ռուսաստան Վերին Լարսով ճանապարհը ձմռանը փակվում է ամեն տարի վատ եղանակային պայմանների, մասնավորապես, Մցխեթա - Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով:
Հաբեշյանն անդրադարձավ նաև Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։ Ըստ նրա՝ Հայաստանը կարող է ձմռանը մասամբ լուծել Լարսի խնդիրը, եթե հաջողվի կրճատել Ռուսաստանից և այլ երկրներից արտահանման մասնաբաժինը սեփական արտադրանքի ինքնաբավության բարձրացման հաշվին: Նա նաև կարևոր է համարում դիվերսիֆիկացման այլընտրանքային ուղիների և շուկաների որոնումը:
Հաբեշյանը նշեց, որ հայկական փոխադրողներն արդեն հարմարվել են Վերին Լարսում տիրող իրավիճակին և ելք են գտել ավելի բարդ պայմաններից: