ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ԶՈւ-ի թունավորված մթերքների պատճառով 15 մարդու մահվան մասին

Իգոր Կիրիլով
Հակահարձակման ձախողման պատճառով Ուկրաինայի զինված ուժերը կարող են կենսաբանական զենք կիրառել ջրի աղբյուրների, սննդի պաշարների և կենդանիների կերերի թունավորման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Առնվազն 15 մարդ է զոհվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից թունավորված մթերքների պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը Երիտասարդ գիտնականների կոնգրեսի նստաշրջանում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ հատուկ գործողության ընթացքում արձանագրվել է սննդամթերքի թունավորման համար Ուկրաինայի զինված ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման 17 դեպք:
Ռուս ռազմական քիմիկոսներն այդ զենքի բաղադրիչներում միացություններ են հայտնաբերել, որոնք արտադրվում են միայն մեկ երկրում։ ՌՔԿՊ զորքերի պետն ընդգծել է, որ այդ բաղադրիչը թանկ արժե։
Կիրիլովը նաև նախազգուշացրել է, որ հակահարձակման ձախողման պատճառով Ուկրաինայի զինված ուժերը կարող են կենսաբանական զենք կիրառել ջրի աղբյուրները, սննդի պաշարները և կենդանիների կերերը թունավորելու համար: Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում Ռուսաստանի վերահսկողության տակ վերցված տարածքներում ջերմային կուլտուրաների ամերիկյան հավաքածուներից փոխանցված մեծ քանակությամբ շտամների, ինչպես նաև բակտերիալ ու վիրուսային միջավայրի հարուցիչների մշակման համար սառեցված կենսամիջավայրերի հայտնաբերումը: