ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Լիտվան Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը փակելու անհրաժեշտություն չի տեսնում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել Է Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեն։
Բիլոտայտեն միաժամանակ նշել է, որ Լիտվան աջակցում է Ֆինլանդիային, որը որոշում է կայացրել փակել Ռուսաստանի հետ սահմանի բոլոր սահմանային կետերը:
«Առայժմ մենք տարածաշրջանային լուծումների անհրաժեշտություն չենք տեսնում։ Լիտվայի սահմանների մոտ առայժմ հանգիստ է։ Մենք ունենք սպառնալիքների հստակ ցուցիչներ, որոնց համապատասխան էլ գործելու ենք։ Հետևում ենք իրավիճակին և կարձագանքենք, եթե փոփոխություններ լինեն»,- ասել է նախարարը։
Այսօր Ֆինլանդիայի ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ նոյեմբերի 30 -ի կեսգիշերին կփակվի ՌԴ-ի հետ սահմանի վերջին անցակետը՝ Ռայա-Յոոսեպի-Լոտտան։ Միջազգային պաշտպանություն հայցողների դիմումների ընդունումը կկենտրոնացվի օդանավակայաններում և նավահանգիստներում: Ֆինլանդիայի ՆԳՆ ղեկավար Մարի Ռանտանենի խոսքով՝ որոշումն ընդունվել է Ֆինլանդիայի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար: