ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. «Երևանի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի պետը, հոսպիտալի աշխատակիցների հետ միասին, ժամկետային զինծառայողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար վերջիններիս ազգականներից և մտերիմներից պարբերաբար ստացել է տարբեր չափերի` ընդհանուր շուրջ 7000 ԱՄՆ դոլար կաշառք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ Ե. Հ.-ն վերը նշված հոսպիտալի անզգայացման և վերակենդանացման բաժնի վարիչ Ս. Ս.-ի խնդրանքով նույն բաժնի բուժքույր Թ. Ս.-ի ազգական հանդիսացող ժամկետային զինծառայողին ստացիոնար պայմաններում պահելու ապօրինի հրահանգ է տվել ։ Ե. Հ.-ի հրահանգը բուժծառայության գծով տեղակալ Մ. Դ.-ն փոխանցել է բժիշկներին:
«Արդյունքում զինծառայողին տրամադրվել է իրականությանը չհամապատասխանող ախտորոշում, որի հիման վրա վերջինս հոսպիտալացվել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
2023 թվականի մարտի 21-ին նշված անձանց Մ. Դ.-ի միջոցով փոխանցել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, որից 200 ԱՄՆ դոլարը ստացել է Ե. Հ.-ն, իսկ մնացածը բաժանվել է հոսպիտալի 3 այլ բժիշկների միջև:
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ 2023 թվականի հունվարի 11‑ին Ե. Հ.-ն մեկ այլ զինծառայողի օգտին ապօրինի գործողություն կատարելու, նրան ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու և վաղաժամկետ զորացրելու համար հիշյալ զինծառայողի ազգական Ս. Հ.-ից ստացել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Դրանից 1000 ԱՄՆ դոլարը Ե. Հ.-ն տվել է բուժծառայության գծով տեղակալին, իսկ 2000 ԱՄՆ դոլարը պահել է իրեն:
Մեկ այլ դեպքում 2022 թվականի հունիսից պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացու հայրը՝ Ա. Խ.-ն, նույն մեխանիզմով որդուն ծառայությունից ազատելու համար Ե.Հ.–ին միջնորդավորված տվել է 3500 ԱՄՆ դոլար կաշառք:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Երևանի կայազորային հոսպիտալի պետ Ե. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի տարբեր մասերով։ Ե. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Եվս 13 անձի, այդ թվում՝ Ե. Հ.-ի բուժծառայության գծով տեղակալ Մ. Դ.-ին և հոսպիտալի այլ աշխատակիցների մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: