ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության և երրորդ երկրների գործընկերների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության հարցերը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով Խորհրդատվական խորհրդի 8-րդ նիստի մասնակիցները։ Նիստը կայացել է նոյեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ համաշխարհային տնտեսությունում ԵԱՏՄ-ի մասնաբաժինը բավարար չափով չի աճում, և դա կապված է ներդրումային գործունեության ոչ բարձր տեմպերի հետ:
«ԵԱՏՄ-ի գոյության 8 տարիների ընթացքում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ըստ գնողունակության պարիտետի աճել է՝ 22,8-ից հասնելով 33,6 հազար ԱՄՆ դոլարի (կամ գրեթե մեկուկես անգամ)։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի համաշխարհային միջին մակարդակը կազմել է 20,6 հազար ԱՄՆ դոլար։ Թվում է, թե վատ չէ, բայց мիության մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ զգալիորեն չի աճել։ Հիմնական պատճառն, իմ կարծիքով, այն է, որ ներդրումային գործունեության տեմպերը բավարար չեն»,-ասել է նա։
Մյասնիկովիչի խոսքով՝ ԵԱՏՄ պետությունների ղեկավարները խնդիր են դրել երկու անգամ ավելացնել ներդրումների ծավալը, և այստեղ առանց բիզնեսի օգնության հնարավոր չէ։ Նա ընդգծել է, որ արդեն հաջորդ տարի միության բյուջեից նախատեսվում է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար հատկացնել կոոպերացիոն նախագծերի աջակցության համար և գործարար համայնքին կոչ է արել ավելի ակտիվ ներգրավվել նախագծային աշխատանքներում, հատկապես բարձր տեխնոլոգիական ոլորտներում։
Քննարկման արդյունքում որոշվել է ձևավորել ԵԱՏՄ Գործարար խորհրդի և ԵՏՀ պրոֆիլային կառուցվածքային ստորաբաժանումների միջոցառումների համատեղ պլան՝ երրորդ երկրների գործընկերների հետ եվրասիական բիզնեսի գործնական համագործակցության հետագա զարգացման համար: