ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը նախատեսում է ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները «Էներգետիկ շաբաթ 2023» միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հայաստանը ներկայում տարեկան 365 մլն խմ գազ է ներկրում Իրանից, հայտնի պայմանագրի հիման վրա 1։3 հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք վերադարձնում Իրան։ Մի քանի ամիս առաջ մեր գործընկերների հետ կնքել ենք այդ համաձայնագիրը մինչև 2030 թվական երկարաձգելու փատաթուղթը, որը հնարավորություն է տալիս նաև մեծացնել Իրանից գազի ներկրումը ՀՀ և համապատասխան էլեկտաէներգիայի արտահանումը»,–ասաց Սանոսյանը։
Նա նշեց, որ Իրանից ներկրվող գազի գործող խողովակի տրամագիծը թույլ է տալիս, որ ավելի շատ գազ ներկրվի։
«Նորի կարիք դեռ չկա, քանի որ ներկայիս խողովակաշարն ամբողջ հզորությամբ չի օգտագործվում»,- նշեց Սանոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը տարեկան ներկրում է ավելի քան 2,5 մլրդ խմ գազ, որից 80-85%-ը` Ռուսաստանից, մնացածը՝ Իրանից (ՋԷԿ-երի շահագործման համար)։ 2022 թվականին ներմուծումը կազմել է մոտ 2 միլիարդ 966 միլիոն խմ, որից 366 միլիոնը՝ Իրանից, 2 միլիարդ 600 միլիոնը՝ Ռուսաստանի Դաշնությունից։