Եվրահանձնաժողովը հաստատել է ռուսական ալմաստների դեմ պատժամիջոցների նախագիծը

Ալմաստ
Սահմանափակումները կվերաբերեն ոսկերչական իրերին և ՌԴ-ից արտահանվող բոլոր նմանատիպ թանկարժեք քարերին, նույնիսկ եթե Ռուսաստանը հանդես է գալիս որպես դրանց մատակարարման տարանցիկ կետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանից ԵՄ երկրներ ալմաստների մատակարարումների սահմանափակումների նախագիծը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով AFP-ին։
Գործակալության տվյալով՝ 2024 թվականի հունվարի 1-ից Եվրահանձնաժողովը նախատեսում է ամբողջությամբ արգելել արդյունաբերության մեջ չօգտագործվող բնական և սինթետիկ [ռուսական] ալմաստների, այդ թվում՝ երրորդ երկրներում մշակված ալմաստների առևտուրը։
Սահմանափակումները կվերաբերեն ոսկերչական իրերին և ՌԴ-ից արտահանվող բոլոր թանկարժեք քարերին, նույնիսկ եթե Ռուսաստանը հանդես է գալիս որպես դրանց մատակարարման տարանցիկ կետ։
Եվրահանձնաժողովն առաջիկա օրերին սահմանափակումների հաստատված նախագիծը կուղարկի Եվրամիության 27 մասնակից երկրների հաստատմանը: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ սահմանափակումները կարող են կիրառվել աստիճանաբար՝ ներքին շուկային սպառնացողհնարավոր վնասը սահմանափակելու համար:
Գործակալությունը նշում է, որ ԵՄ-ն ՌԴ ադամանդագործության ոլորտի նկատմամբ սահմանափակումներ է մշակում հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթի շրջանակում։ Այսպիսով, ԵՄ–ն մտադիր է ուժեղացնել ճնշումը ՌԴ–ի տնտեսության վրա և կրճատել միջոցների ծավալը, որոնք կարող են օգտագործվել սպառազինություն գնելու համար: AFP-ն միաժամանակ գրում է, որ մինչև հիմա Ռուսաստանը կարողացել է շարունակել ռազմական գործողությունները՝ չնայած պատժամիջոցների նախորդ 11 փաթեթներին, ինչը ոլորտի ներսում թերահավատություն է ստեղծում նոր սահմանափակումների նկատմամբ։
ՌԴ–ի հետ առևտրի պատճառով ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիայի գործարար շրջանակներին. ԶԼՄ