Եռաբլուրից խողովակներ են գողացել․ 3 անձի մեղադրանք է առաջադրվել

Նախաքննության ընթացքում պարզվել է ոչ միայն գողության կատարած անձանց ինքնությունը, այլև բացահայտվել են ապօրինի թմրաշրջանառությանը վերաբերող դրվագներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. «Եռաբլուր» զինվորական պանթեոնից մետաղյա խողովակներ են գողացել, երեք անձի մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գողությունը կատարվել է նոյեմբերին 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում։ Մասնավորապես, գողացել են 14 հատ 100 մմ տրամաչափ 4 մետր երկարությամբ խողովակներ, որոնք նախորդ օրը ապամոնտաժվել էին ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի պահեստում պահելու և հետագայում ՀՀ ՊՆ հանձնելու նպատակով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (գողություն) 1-ին մասով։
Նախաքննության շրջանակներում պարզվել են հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նրանցից մեկը Երևանի 48-ամյա բնակիչ է, մյուսը՝ Արարատի մարզի 38-ամյա բնակիչ, իսկ երրորդը 51 տարեկան է, բնակության վայր և հաշվառում չունի:
«Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը նախապես խոստացել է իրացնել գողացված խողովակները, ինչից հետո 51-ամյա տղամարդը և Արարատի բնակիչը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են խողովակները, որից հետո 40.000 ՀՀ դրամով վաճառել են Երևան քաղաքի մեկ այլ բնակչի»,- տեղեկացնում են ՔԿ-ից:
Քաղաքացու բնակարանում խուզարկություն է կատարվել, ինչի արդյունքում գողոնը հայտնաբերվել է:
Պարզվել են հանցագործության այլ դրվագներ ևս: Երևանի 48-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8.5 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, 0.50 գրամ և և 1.65 գրամ քաշով տարբեր փաթեթավորմամբ դեղնականաչավուն զանգվածներ, 0.34 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամինի նմանվող զանգված, մեկ հատ ապակե գլան՝ հարմարեցված ծխելու համար, երկու թղթե գլան, որից մեկը՝ 0.32, մյուսը՝ 0.68 գրամ:
Գողություն և գողության փորձ Եռաբլուրից․տղամարդը ներկայացել է ՊՆ ռազմական ոստիկանություն
Պարզվել է նաև, որ քաղաքացին տարբեր ժամանակահատվածներում, տարբեր գումարների դիմաց, Արարատի մարզի վերոհիշյալ բնակչին ապօրինի վաճառել է մարիխուանա և կրիստալ տեսակի թմրամիջոցներ:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի ևս երկու հոդվածներով, որոնք վերաբերում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի 48-ամյա բնակչին, Արարատի մարզի 38-ամյա բնակչին և 51-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։