Չշտապել, քաղաքական ենթատեքստ չտալ. Սիմոնյանը` Վերին Լարսում իրավիճակի մասին

Ալեն Սիմոնյանի խոսքով` Վերին Լարսի անցակետում տեղի է ունեցել ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխ, որը որոշակի խնդիրներ է առաջացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորում է չշտապել և Վերին Լարսում հայկական բեռնատարների անցման հետ կապված խոչընդոտներին քաղաքական ենթատեքստ չտալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա նման հայտարարություն արեց` պատասխանելով հարցին` արդյոք Վերին Լարսում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիրը քաղաքական պատճառներ ունի։
Հայտնել էինք, որ Վերին Լարսում այս պահին իր հերթին է սպասում 1500 հայկական բեռնատար։ Անցակետը փակ է։
«Ես նման ակնարկ չեմ տեսնում։ Իմ ունեցած տեղեկություններով` այդ սահմանակետում (նկատի ունի Վերին Լարս) տեղի է ունեցել ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխ։ Չեմ բացառում, որ Վերին Լարսի անցակետում իրավիճակը կարող է կապված լինել քաղաքական դրդապատճառի հետ, բայց խնդրում եմ չշտապել և նման ենթադրություններ չանել»,–ասել է Սիմոնյանը։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել էր, որ հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա, քանի որ ռուսական տեսչությունը սահմանին տվյալ ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինըկիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվիամբողջ տարվա ընթացքում:
ՀՀ–ն կարող է ամենակարճ ճանապարհը դառնալ դեպի ԵՄ և ԵԱՏՄ բեռնափոխադրումների համար